Ավստրիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը մասնակցել է Ավստրիայի Գրաց քաղաքի Հայ եկեղեցական համայնքի կազմակերպած բարեգործական համերգին, որի ընթացքում հանգանակվելիք հասույթը տրամադրվելու է Գյումրու ծերանոցի կարիքներին :Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:

Համերգը տեղի է ունեցել Գրացի կենտրոնում տեղակայված «Յոհաննեում» թանգարանի համերգասրահում: Հրավիրյալների թվում էին Գրացի քաղաքապետարանի եւ շրջանային կառույցների ղեկավարներ, քաղաքի մշակութային գործիչներ, ինչպես նաեւ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հայկական ժամանակակից երգերի կատարումով հանդես են եկել Երեւանի կոնսերվատորիայի նախկին սան, Երեւանի «Տալվորիկ» նվագախմբի նախկին անդամ Վարսենիկ Սիմոնյանը, որի կատարումներն ուղեկցվում էին պարորդ Գարեգին Գամազյանի պարային բեմադրություններով: Հայ երաժշտարվեստի առանձին ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել համայնքի մանկահասակ եւ պատանի ներկայացուցիչները:

Դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը հանդիպել է նաեւ Գրացի քաղաքապետարանի եւ Ավստրիայի Շտայերմարկ երկրամասի բարձրաստիճան ղեկավարության հետ: Քննարկվել են Հայաստանի մարզերի եւ քաղաքների հետ երկրամասի, ինչպես նաեւ Գրաց քաղաքի համագործակցության հեռանկարները: