ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը սեպտեմբերի 27-28-ը գտնվել է Հռոմում: Այցի առաջին օրը նախարարը հանդիպումներ է ունեցել Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կ.Պասսերայի եւ Իտալիայի արտաքին առեւտրի գործակալության նախագահ Ռ.Մոնտիի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Հանդիպումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը եւ արտաքին ներդրումները խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետեւողական քայլերը`ընդգծելով Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործող իտալական ընկերությունների գործունեությունը:

Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանում արդեն ստեղծված եւ ստեղծվելիք ազատ տնտեսական գոտիներին, որոնց առկայությունը  Հայաստանն առավել գրավիչ կդարձնի ներդրողների համար: Տ, Դավթյանը նաեւ նշել է, որ  ԵՄ եւ Հայաստանի միջեւ Ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը կհայտնվի տնտեսապես չափազանց շահեկան դիրքում:

Կողմերը նշվել են, որ, թեեւ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2011թ. կտրվածքով աճել է շուրջ 40%-ով, իսկ ընթացիկ տարվա վեց ամիսների կտրվածքով` գրեթե կրկնապատկվել, այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ներկայիս մակարդակը բավարար չէ, քանի որ տնտեսական համագործակցության առավել մեծ ներուժ կա:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում նախարար Դավթյանը շեշտել է Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ  Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման, քիմիական արդյունաբերության, շինանյութի արտադրության, դեղագործության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր:

Նույն օրը կայացելէ նախարար Դավթյանի եւ Իտալիայի տարածքային կառավարման, զբոսաշրջության եւ սպորտի նախարար Պ.Նյուդիի հանդիպումը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Իտալիայից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների թվի տարեցտարի արձանագրվող աճը, ինչպես նաեւ կարեւորել են  երկու երկրների միջեւ զբոսաշրջության հոսքերի ավելացումը եւ զբոսաշրջային արդյունաբերության մեջ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը: 

Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության եւ սպորտի նախարարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր:

Այցի երկրորդ օրը`սեպտեմբերի 28-ին, Հռոմի Առեւտրի պալատի նստավայրում` պատմական Տեմպի Ադրիանի սրահում, կայացել է հայ-իտալական գործարար համաժողով: Այն կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության, Հռոմի Առեւտրի պալատի եւ Զարգացման Հայկական գործակալության կողմից եւ անցկացվել Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության հովանու ներքո:

Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին  հայաստանյան 14 եւ իտալական 120 ընկերությունների ներկայացուցիչներ: