Երեկ ընդհատակից դուրս գալուց եւ իրավապահներին ինքնակամ ներկայանալուց հետո ձերբակալվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պատասխանատու, ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանի դեմ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի հատկանիշներով (Ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելը) եւ 2008թ. մարտին նրա դեմ հետախուզում էր հայտարարվել: Նույն այդ դեպքով քրեական գործ էր հարուցվել ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի, ԵԿՄ Գյումրու կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի եղբոր՝ Շոթա Սաղաթելյանի նկատմամբ: Սաղաթելյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման, իսկ Աշոտ Զաքարյանն ու Պետրոս Մակեյանն ազատ են արձակվել համաներմամբ:
Մուրադ Գրիգորյանի դեմ դեռ 2008թ. խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Գրիգորյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը պատրաստվում է բողոքարկել Գրիգորյանին կալանավորելու որոշումը, քանի որ Գրիգորյանն ինքնակամ ներկայացել է իրավապահներին, եւ բացի այդ, ԵԽԽՎ 1677 բանաձեւում իշխանություններին կոչ է արված հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ ինքնակամ ներկայանալու դեպքում կալանքը որպես խափանման միջոց չկիրառել: Ի դեպ, համաներումն ամբողջությամբ տարածվում է Քրեական օրենսգրքի 149 հոդվածի վրա, եւ դատարանը անկախ վճռից ազատ է արձակելու Գրիգորյանին, ուստի առվազն տարօրինակ է նրան այս պահին կալանքի տակ պահելը:



























