Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցումը ճիշտ էր, սակայն սխալ էին դրան հաջորդած զարգացումները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախկին փոխնախարար, Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Էմոցիոնալ հատուկ վարվելակերպը ճիշտ չէ եւ չի կարող օգնել գործին»,-ասաց նա` շեշտելով, որ Հայաստանը դիվանագիտական առումով սխալ է թույլ տվել: Իսկ սխալը, ըստ դեսպանի այն էր, որ հայկական դիվանագետները չհասկացան, թե ինչպես մարդասպանին ազատեցին:
Նրա խոսքով` ճիշտ կլիներ, որ Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները մերձեցնի՝ նման ձեւով Ադրբեջանի դեմ դուրս գալու համար: Արման Նավասարդյանի համոզմամբ` պետք չէ Հունգարիայի ժողովրդին խառնել իշխանության հետ, իսկ Հունգարիան այսօրվա կառավարությունը չէ, եւ մենք մեծ անցյալ ենք ունեցել Հունգարիայի հետ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2004 թ-ի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացող անգլերեն լեզվի դասընթացի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը փետրվարի 19-ի գիշերը կացնահարել է նույն ծրագրի մասնակից հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս քնած է եղել: 2006 թ-ի ապրիլի 13-ին հունգարական դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման է դատապարտել` մոտակա 30 տարիների ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն 8 տարի անց` 2012 թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել Սաֆարովին, ով հայրենիք հասնելուն պես ներման է արժանացել Ադրբեջանի նախագահի կեղմից: Նույն օրը Երեւանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























