Լոնդոնի մետրոյի աշխատակիցներն այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին երկար հերթափոխների պատճառով մի շարք գործադուլներ կանցկացնեն, հայտարարել է Երկաթուղային, ծովային և տրանսպորտի աշխատողների ազգային արհմիությունը (RMT)։
Աշխատակիցները դժգոհ են հերթափոխների երկարացման հաշվին քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանելուց։
«Աշխատակիցներից պահանջում են ավելի շատ ժամանակ անցկացնել գնացքներ վարելով, համաձայնել ավելի երկար ու անկանխատեսելի հերթափոխների և հրաժարվել տարիներ շարունակ համաձայնեցված ու պաշտպանված պայմանավորվածություններից», — հայտարարել է RMT-ի ղեկավար Էդի Դեմփսին։
Գործադուլները տեղի կունենան նոյեմբերի 26-ին, դեկտեմբերի 17-ին և 19-ին, հունվարի 4-ին և 6-ին, ինչպես նաև փետրվարի 17-ին, 23-ին և 25-ին՝ այդպիսով ընդգրկելով նաև տոնական շրջանը։
Լոնդոնի մետրոյի աշխատակիցներն ապրիլին և հունիսին մի քանի գործադուլներ են անցկացրել հերթափոխային ծանր գրաֆիկի պատճառով՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։
Անցյալ տարվա սեպտեմբերին քառօրյա գործադուլի արդյունքում RMT-ին հաջողվել է աշխատավարձի վերաբերյալ եռամյա համաձայնության հասնել։ 2021 թվականին RMT-ն վեց ամիս շարունակ գործադուլներ է անցկացրել, ինչը հանգեցրել է մայրաքաղաքի մետրոյի աշխատանքի զգալի խափանումների։





























