Թուրքիայի 9 տարբեր քաղաքներում անցկացվել է սոցհարցում՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ Թուրքիայի թշնամի պետությունների վերաբերյալ։ Թուրքական Ahaber կայքէջի փոխանցմամբ՝ սոցհարցումը իրականացրել է Անկարայի համալսարանի Եվրոպայի հասարակությունների ուսումնասիրման կենտրոնի կողմից։ Հարցումներին մասնակցել է 1032 հոգի։

Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության կողմնակիցները կազմել են 55.3 տոկոս։ 25 տոկոսը դեմ է արտահայտվել, իսկ մնացած հատվածը չի կողմնորոշվել։

Անհրաժե՞շտ է, որ թուրքական խորհրդարանը վավերացնի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորող արձանագրությունները հարցին, 35 տոկոսը պատասխանել է այո, բայց հայկական ուժերը դուրս գան ադրբեջանական հողերից, 28 տոկոսը՝ այո, բայց հայերը հրաժարվեն Հայոց ցեղասպանության ճանաչման արշավից եւ միայն 6 տոկոսն է ասել, որ Հայաստանի հետ պետք է սկսել առանց նախապայմանների հարաբերություններ։

Ըստ հարցումների՝ Թուրքիայի թշնամիների շարքը գլխավորում է ԱՄՆ-ը՝ 37.5 տոկոս, Հայաստանը՝ 10.9, Իսրայելը՝10.6, Հունաստանը՝ 6.1, Ֆրանսիան՝ 5,1 տոկոս։