Այսօր` հոկտեմբերի 17-ին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային գործակալության հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Քարեն Հիլլարդին եւ ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի Կովկասի գյուղատնտեսության զարգացման ծրագրի համակարգող Լորենս Բարբիերիին, վերջիններիս խնդրանքով:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցը ճանաչողական էր, եւ, ողջունելով հյուրերին, նախարարը համառոտ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակն ու զարգացման միտումները` անկախությունից հետո ընկած ժամանակահատվածում: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը ցուցաբերած շարունակական օգնության համար, նախարարը մասնավորապես նշեց. «Հատկապես ցանկանում եմ առանձնացնել վերամշակող ճյուղի զարգացման ուղղությամբ ամերիկյան կողմի ցուցաբերած մեծ ու արդյունավետ աջակցությունը: Եվ եթե այսօր մենք տարածաշրջանում ամենազարգացած սննդարդյունաբերությունն ու վերամշակող արտադրությունն ունենք, դա նաեւ նշված օգնության արդյունքն է»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տիկին Հիլլարդը նշեց, որ տպավորված է Հայաստանի գյուղատնտեսության ներկայացված պատկերով: Ամերիկյան երկու կազմակերպությունները` Միջազգային զարգացման գործակալությունը եւ ԱՄՆ գյուղդեպարտամետը Հայաստանում այսուհետ կգործեն փախհամաձայնեցված 5-ամյա ռազմավարական ծրագրով , եւ այստեղ հատկապես կարեւոր է սերտ համագործակցության համակարգումը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Անդրադառնալով 5-ամյա համագործակցության ծրագրին` պարոն Բարբիերին մասնավորապես առանձնացրեց ամերիկյան կողմից ցուցաբերվելիք գիտական, տեխնոլոգիական արժեշղթայի ճշգրտման եւ մարքեթինգային ուսումնասիրությունների անհրաժեշտությունը: Կողմերը մեկ անգամ եւս հավաստեցին իրենց պատրաստակամությունը առավել սերտ համագործակցելու եւ Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նոր ծրագրերի իրականացման գործում: