Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես սկսելով խաբված եւ շուրջ 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործով դեռեւս տուժած չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը շարունակում է պայքարել՝ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Սփյուռքահայ գործարարը այսօր եւս մեկ նամակ է ուղարկել ՀՀ Ազգային ժողով, քանի որ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձենող խմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի եւ ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորների միջեւ տեղի ունեցած զրույցներից պարզ դարձավ, որ պատգամավորները գործարարի կողմից դեռ այս տարվա սեպտեմբերի 28-ին ուղարկված նամակից տեղյակ չեն:
Ամերիկահայ գործարարի ԱԺ ուղարկված նամակում ասվում է.
«Հարգարժան Ազգային Ժողովի պատգամավորներ,
Դիմում եմ ձեզ ԱՄՆ-ից: Հայաստանում գործադիր իշխանության եւ դրան ածանցյալ դատական համակարգում օրենքի կիրառման հարցում իմ բոլոր փորձերը փակուղի են տանում եւ դիմելով ձեզ, հայցում եմ ձեր աջակցությունը:
Մի խումբ անձինք իմ կողմից հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից (Մաշտոցի 33) յուրացրել են 8,5 մլն ԱՄՆ դոլարի անշարժ գույք եւ գումար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար նախատեսված էր պետության հարկերը վճարելու համար: Այդ խմբի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով եւ ընկերությանը կանխամտածված սնանկության տանելու վերաբերյալ 2010թ-ի նոյեմբերին դիմել եմ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին` հույս ունենալով, որ գոնե չվճարված հարկերը գանձելու նպատակով պետական կառույցը միջոցներ կձեռնարկի քրեական գործ հարուցելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Շուրջ 5 ամիս ոչինչ չէր արվում, սակայն իմ հետեւողական աշխատանքի շնորհիվ հարցը հանրային հնչեղություն ստացավ եւ 2011թ. մայիսի 03-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվեց թիվ 83159711 քրեական գործը:
Նախ ասեմ, որ գործ ունենք` սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների եւ/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող եւ անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը եւ նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել եւ օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ:
ՊԵԿ-ին եւ դատախազությանը արդեն քաջ հայտնի են եւ’ գործող անձանց շրջանակը, եւ’ չվճարված հարկերը, եւ’ խարդախության փաստերը, սակայն վերեւների ազդեցության տակ 1.5 տարի շարունակ այս գործը ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված 1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող 2 մլն ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:
Հարգելի պատգամավորներ, հայցում եմ ձեր օգնությունը այս գործին ուշադրություն դարձնելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Ինչպես հանրապետության նախագահը նշեց սեպտեմբերի 15-ին, «Գլխից եւ Մեծերին Բռնելու հնարավորությունը» այս գործում առկա է, եթե իհարկե նրանցից որեւէ մեկին բռնելու ցանկությունը իրոք կա: Եկել է հանցագործներին մեղադրանք առաջադրելու ժամանակը, սակայն վերեւներում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները թույլ չեն տալիս հանցագործներին պատասխանատվության ենթարկեն, հասկանալի պատճառներով:
Ես եւ իմ փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստ ենք փաստերը ձեզ ներկայացնելու համար: Սա իմ պաշտոնական բողոքն է Հայաստանի Հանրապետությանը»:




























