Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) համագործակցության շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 18-ին Երեւանում մեկնարկեց «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողով: Համաժողովի նպատակն է ընդգծել պատասխանատու զբոսաշրջության, համամարդկային արժեքների եւ մշակութային բազմազանության կապը՝ առանձնացնելով կրոնական եւ միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման եւ զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը:

Համաժողովի բացման արարողությանը ելույթ ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը: Համաժողովի ընթացում տեղի ունեցան երկու պանելային քննարկումներ զբոսաշրջության, կրոնի եւ միջմշակույթային երկխոսության, ինչպես նաեւ ոչ նյութական մշակույթային ժառանգության հետ զբոսաշրջության կապի վերաբերյալ:

Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի եւ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից եւ ԱՊՀ անդամ երկրներից համաժողովին մասնակցելու ժամանած միջազգային փորձագետները ելույթներ ունեցան եւ քննարկումների ընթացքում ներկայացրեցին իրենց փորձը:

Միջոցառման երկրոդ օրը` հոկտեմբերի 19-ին, կկազմակերպվի հատուկ նստաշրջան` նվիրված զբոսաշրջության համընդհանուր սոցիալական պատասխանատվությանը, որի ավարտին մասնակից մասնավոր հատվածի ներկայացուցիչները կստորագրեն «Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ պարտավորությունների ստանձնում» փաստաթուղթը:

Համաժողովի ավարտին կհրապարակվի միջմշակութային երկխոսության եւ մշակութային բազմազանության կարեւորության վերաբերյալ հռչակագիր`«Երեւանյան հռչակագիր»-ը, որը խրախուսում է զբոսաշրջության զարգացումը եւ համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։ Հռչակագիրն էապես կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների եւ մշակութային բազմազանության արժեւորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ վերոնշյալ գործընթացներին Հայաստանի ակտիվ ներգրավմանը: