Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալիբ Ռիֆային, ով Հայաստան էր ժամանել` մասնակցելու հոկտեմբերի 18-19-ը Երեւանում անցկացվող «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե պարոն Ռիֆան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ գոհունակություն հայտնել համաժողովի աշխատանքների ընթացքի կապակցությամբ: ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ տպավորված է մեր երկրի զբոսաշրջության ոլորտի առաջընթացով: Նա ընդգծել է միջազգային համաժողովի արդյունքում «Երեւանյան հռչակագրի»` միջմշակութային երկխոսության եւ մշակութային բազմազանության կարեւորության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման կարեւորությունը, որը խրախուսում է զբոսաշրջության զարգացումը եւ համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։

Զրուցակիցները քննարկել են մեր երկրում զբոսաշրջության զարգացման հեռանկարները: Վարչապետը նշել է, որ չնայած ոլորտում արձանագրվող 5 տոկոսանոց կայուն աճին` ՀՀ կառավարության առաջնահերթություններից է զբոսաշրջության շարունակական զարգացման քաղաքականության իրականացումը: Կարեւորվել է Հայաստանի ողջ տարածքում զանգվածային տուրիզմի զարգացման բարենպաստ միջավայրի ձեւավորումը, տեղական զբոսաշրջության ներուժի իրացումը, ներդրումների խթանումը հյուրանոցաշինության բնագավառում, մատչելի հյուրանոցային ցանցի ստեղծումը, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը եւ կապերի հաստատումը ոլորտում առաջատար երկրների հետ:

ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին վերոնշյալ հարցերի լուծման գործում: