Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի հարկի տակ հյուրընկալել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում «Թանգարան եւ գրավոր հաղորդակցություն. ավանդույթ եւ նորարարություն» խորագրով հոկտեմբերի 20-ից 25-ը մայրաքաղաքում անցկացվող Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM)  Կրթություն եւ մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (CECA) 41-րդ գիտաժողովի մասնակիցներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզին եւ գիտաժողովի մյուս մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում միջազգային նման կարեւոր գիտաժողովի անցկացման թանգարանների միջազգային խորհրդի որոշումը խորհրդանշական է, հաշվի առնելով, որ Հայաստանի 2794-ամյա մայրաքաղաքն այս տարի նշում է նաեւ հայ գրատպության 500–ամյակը:

«Իսկապես քիչ են այն ժողովուրդները, ովքեր կարող են հպարտանալ մշակութային նման ժառանգությամբ։ Համոզված եմ, որ դուք առիթ կունենաք դրանում ինքներդ համոզվելու՝ շրջելով մեր քաղաքի բազմաթիվ թանգարաններով ու շփվելով մարդկանց հետ։ Վստահ եմ, այս գիտաժողովը բազմաթիվ նոր ծրագրերի սկիզբ կդնի ու կխթանի տարբեր  երկրների  թանգարանների միջեւ կապերի ամրապնդումն ու բազմակողմ փորձի փոխանակումը», - նշել է Տարոն Մարգարյանը ՝ գիտաժողովի  կազմակերպիչներին ու հյուրերին մաղթելով արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության եւ գիտաժողովի կազմակերպման աջակցության համար, Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզը նշել է, որ իսկապես քիչ ազգեր կարող են հպարտանալ իրենց մշակութային այսպիսի հարուստ ժառանգությամբ եւ վստահեցրել է, որ գիտաժողովը մշակութային կապերի ամրապնդման եւ ընդլայնման եւս մեկ խթան կհանդիսանա ու լրացուցիչ դաշտ կբացի հայկական հարուստ մշակույթը աշխարհում առավել ճանաչելի դարձնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում գործուն մասնակցություն կունենա այդ ծրագրերի իրականացման հարցում:

Գիտաժողովի անցկացմանն աջակցելու համար Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM)  մեդալով: