Վրաստանի Ռաչինյան շրջանում հունվարի 21-ի գիշերը ժամը 23։00-ին 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է վրացական «GHN»-ը՝ վկայակոչելով Վրաստանի սեյսմոլոգիական կենտրոնին, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է այն տեղում, որտեղ անցած տարվա սեպտեմբերին ուժեղ երկրաշարժ էր գրանցվել։

Աղբյուրի տվյալներով, երկրաշարժի արդյունքում զոհեր եւ ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ 2009թ.-ի սեպտեմբերի սկզբին արեւմտյան Վրաստանում 6,2 մագնիտուդի երկրաշարժ էր գրանցվել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Օնիի շրջանում։ Այն ժամանակ վնասվել էին 734 տներ, որոնցից ավելի քան 330-ը հետագայում բնակության համար անպիտան ճանաչվեցին։