Վրացական իշխանությունները նոր դատավարություններ են նախաձեռնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանի եւ Արամ Բատոյանի նկատմամբ:

«Երկիր» միության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2009թ. հոկտեմբերին Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման դատապարտվեց Գուրգեն Շիրինյանը՝ 2005թ. մարտին ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Այս նոր դատավճիռն ընդունվել է նրա նկատմամբ արդեն իսկ գործող 17 տարի ազատազրկման դատավճռի պայմաններում, որն ընդունվել էր նույնպես հեռակա կարգով դեռեւս 2008թ. դեկտեմբերին:

Ներկայում նաեւ ընթանում է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Արամ Բատոյանի նկատմամբ հեռակա դատավարությունը, որը Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (կազմակերպության ղեկավարը Վահագն Չախալյանն է) կենտրոնի տնօրենն էր: Նրան վրացական իշխանությունների կողմից մեղսագրվում է ՋԵՄՄ-ի շենքում զենք պահելը, որն իբր հայտնաբերվել էր 2008թ. հուլիսի 21-ի խուզարկության ընթացքում:

«Երկիր» միությունը գտնում է, որ ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ այս նոր հեռակա դատավարություններն ուղղված են ամրապնդելու Ջավախքում տիրող պետական ահաբեկչության ռեժիմը, ինչպես նաեւ ջավախքահայության մեջ առկա վախի տրամադրությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Երկիր» միությունը պահանջում է վրացական իշխանություններից՝

1. Անհապաղ անցկացնել Ախալքալաքում 2008թ. հուլիսի 17-21-ի դեպքերի նոր անաչառ հետաքննություն.

2. Վերանայել ջավախքահայ քաղաքական ակտիվիստների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ընդունված բոլոր մեղադրական դատավճիռները.

3. Դադարեցնել ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ ծայր առած ոստիկանական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները:

Կազմակերպությունը նաեւ կոչ է արել միջազգային կազմկերպություններին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին ուշադրություն դարձնել Ջավախքում ծավալվող իրադարձություններին՝ ճնշում գործադրելով վրացական իշխանությունների վրա՝ հայաբնակ երկրամասում հալածանքները դադարեցնելու նպատակով: