Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր՝ ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների իրավիճակը ներկայացնող ամենամյա զեկույցը։
Հայաստանի մասով զեկույցում ասվում է, որ «երկրի իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների լիարժեք հետաքննությունն ապահովելու համար։ Այդ իրադարձություններից հետո մի շարք ընդդիմադիրներ դեռեւս անազատության մեջ են մնում»։
Զեկույցում ասվում է, որ 2009թ. մայիսին, երբ կայացան Երեւանի քաղաքապետի ընտրությունները, միջազգային դիտորդները արձանագրեցին տեղական դիտոդների եւ լրագրողների հանդեպ բռնությունների կիրառման մի շարք դեպքեր։
Իրավապաշտպան կազմակերպության փորձագետները նաեւ նշում են, որ հեռուստառադիոհեռարձակման մասին օրենքում կատարված փոփոխությունները հստակություն են ապահովում, սակայն հակառակ Եվրոպական մարդու իրավունքների դատարանի որոշմանը, մի անկախ հեռուստաընկերություն ավելի քան յոթ տարի առանց արտոնագրի է մնում։
Նկարագրվում է նաեւ հետեւյալ միջադեպը. «Ավագանու ընտրությունների մոնիթորինգ անցկացնելիս՝ Հայաստանում Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արշալույս Հակոբյանը դուրս է հանվել ընտրատեղամասից։ Մի քանի օր անց, երբ նա միջադեպի առիթով բողոք է ներկայացրել, հարցաքննման նպատակով նրա տուն ոստիկաններ են եկել։ Հետո նրան ձերբակալել են իշխանություններին չենթարկվելու մեղադրանքով։ Հակոբյանի խոսքով, բանտում իրեն վատ են վերաբերվել, ծեծել են։ Ոստիկանությունն այդպես էլ լիարժեք քննություն չի իրականացնում, իսկ Հակոբյանն էլ դեռեւս անազատության մեջ է»։
«2008թ. նոյեմբերին կանաչների երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հայտնել է ուսուցչի կողմից սեռական ոտնձգության ենթարկված երկու դպրոցականների մասին։
Ոստիկանությունը նրան մեղադրել է սուտ վկայության եւ զրպարտության մեջ։ Ակտիվիստները կարծում են, որ նրան ցանկացել են վախեցնել»,- ասվում է զեկույցում։




























