Անհասկանալի է, թե Սաֆարովի գործից հետո ինչո՞ւ է Հայաստանը զարմանում  Ադրբեջանի կերպարի վրա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած  ասուլիսի ժամանակ հայտնել է  Կովկսայան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով,  Սաֆարովի արտահանձնումը  կարող էր զարմացնել Եվրոպային, բայց ոչ Հայաստանին եւ Ադրբեջանին:  «Մի՞թե Գուրգեն Մարգարյաններ չեն սպանվել 1992 -1995 թթ-ին: Մի՞թե մինչ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաբնույթ միջադեպեր չեն գրանցվում: Այդ պատճառով ես շատ եմ զարմացել, երբ  Հայաստանում կրկին «բացահայտել են» Ադրբեջանի կերպարը Սաֆարովի արտահանձնումից հետո»,-ավելացրել է Իսկանդարյանը:

Հենց այն, որ նմանատիվ միջադեպերը  տեղի են ունեցել նաեւ նախկինում, պետք է այն մտքին հանգեցնի, որ  Սաֆարովի արտահանձնման բանակցությունները խանգարել հնարավոր չէր լինի: «Եթե դուք հարցնում եք այն մասին, թե հնարավոր է արդյոք  այս միջադեպը օգտագորել դիվանագիտության մեջ, անկասկած հնարավոր է: Սակայն նման հնարավորություններ առաջացել են եւ օգտագործվել են մի քանի տարի առաջ եւ հնարավոր է, որ  կօգտագործվի մի քանի տարի անց»,-ասել է փորձագետը:

Եվրոպական երկրների արձագանքը, կարծում է նա,  զարմանալի չէ եւ կանխատեսելի է: «Հունգարիայի հանրությանը եւ էլիտային  նույնպես զայրացրել է սեփական կառավարության` Սաֆարովի արտահանձնման որոշումը: Հունգարիայի իմ ծանոթները նամակով ներողություն են խնդրել դրա համար: Եվրոպայի հանրությունը  չի կարող այլ կերպ արձագանքել: Այլ կերպ տրամադրվելու համար պետք է լինել Ադրբեջանում, եւ իրականությունը ընդունել  նրա տեղեկատվական դատից»,-ասել է Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը ցմահ ազատազրկման է դատապարտվել: Հունգարիան  օգոստոսին  համաձայնել է նրան Ադրբեջանին արտահանձնել` այնտեղ  պատժաչափը կրելու պայմանով: Սակայն Բաքու ժամանելուն պես նրան անմիջապես ազատ են արձակել եւ հերոսացրել են: