Շուրջ 300 մաքսային ծառայողներ իրենց մասնագիտական հմտությունները կատարելագործել են ՊԵԿ ուսումնական կենտրոնում: Հուլիսի 24-ից գործող կենտրոնի մաքսային մասնաճյուղում համակարգի աշխատակիցների համար հատուկ դասընթացներ են անցկացնում ինչպես ՊԵԿ վերադաս մարմնի, այնպես էլ արտերկրից հրավիրված մասնագետները: ԵՄ ՙԹվինինգ՚ ծրագրի փորձագետները երկարատեւ համագործակցություն են սկսել ՊԵԿ-ի հետ` մաքսային ընթացակարգերի ուսումնասիրման, պարզեցման եւ մաքսային ծառայողների աշխատանքային որակը բարելավելու ուղղությամբ: Ուսումնական կենտրոնի ստեղծումից ի վեր այստեղ պարբերաբար դասախոսում են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) անդամ պետությունների մասնագետները: Իսկ վերջերս Անգլիայից եւ Դանիայից հրավիրված հյուրերը եռօրյա սեմինար են անցկացրել` մտավոր սեփականության վերաբերյալ:
Ուսումնական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ մաքսային ծառայողները ստանում են տեսական եւ գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են իրենց ամենօրյա աշխատանքում: Քանի որ մաքսակետերի աշխատակիցներն առնչվում են օտարերկրացիների հետ եւս, ուսումնական կենտրոնում դասավանդում են նաեւ մասնագիտական տերմինաբանությամբ անգլերեն եւ ռուսերեն: Նոյեմբերից կենտրոնում մեկնարկելու է կրթական եւս մեկ նախագիծ, որը նպաստելու է Հայաստանում հարկային միջնորդի ինստիտուտի զարգացմանը: Իսկ մոտ ապագայում հատուկ սարքավորումներով զինված սրահներում մասնակիցները կկարողանան գործնականում դիտարկել բոլոր այն իրավիճակները, որոնցում հայտնվում են մաքսակետերի ծառայողներն իրենց ամենօրյա աշխատանքում:





























