ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել հնձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանդիպումը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

Դեսպանն ընդգծել է, որ հետաքրքված է այն քայլերով, որոնք Հայաստանում իրականացվում են  մրցակցային իրավիճակի բարելաման ուղղությամբ: Ի. Կուխտան նշել է, որ իրենք շահագրգռված են երկու երկրների մրցակցային մարմինների առավել ինտենսիվ համագործակցությամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի  երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ընդգծել է, որ ուղղորդված եւ նպատակային աշխատանքի շնորհիվ տարեցտարի ավելանում են տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ  որոշումները, արդյունքում բացահայտվում եւ լուծում են ստանում մի շարք մրցակցային խնդիրներ:

Այսպես, եթե 2008-ին հանձնաժողովը կայացրել է պատասխանատվության ենթարկելու 31, իսկ 2009-ին 25 որոշում, ապա 2010-ին դրանց թիվը եղել է 106, 2011-ին՝ 198, իսկ այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ արդեն իսկ 112 որոշում: Նշված ժամանակահատվածում նշանակված տուգանքների չափը 3 մլն դրամից հասել է մինչեւ 351 մլն դրամի: Ա. Շաբոյանը նաեւ նշել է, որ նախորդ տարի բողոքարկվել է ՏՄՊՊՀ 20, իսկ այս տարի՝ 5 որոշում: 17-ի մասով Հանձնաժողովի որոշումները մնացել են ուժի մեջ, իսկ 7 բողոքարկումները  դեռեւս դատական փուլում են: ՏՄՊՊՀ որեւէ որոշում դատարանի կողմից անվավեր չի ճանաչվել: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Մրցունակության համաշխարհային զեկույցին, ըստ որի Հայաստանը մրցունակության առումով ակնհայտ առաջընթաց է արձանագրել: Այսպես՝ «գերիշխող դիրքերի ազդեցությունը մրցակցության վրա» ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքերը 43 կետով: Տեսանելի առաջընթաց կա նաեւ  հակամենաշնորհային քաղաքականության ուժեղության (+23 ) եւ ներքին շուկայում մրցակցության ինտենսիվության ցուցանիշով (+9 ): Ընդ որում՝ տարածաշրջանի մյուս երկրները նշված ցուցանիշների առումով հիմնականում հետընթաց են արձանագրել:

Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը կարեւորում է Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելամանն ուղղված քայլերը եւ ընդգծել, որ դրանք մեծապես կնպաստեն երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների աճին: