Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի յոթերորդ նիստը:
Հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են հրդեհային անվտանգության, բնապահպանության եւ ընդերքի պետական տեսչությունների ստուգաթերթերի նախագծերը եւ արժանացել խորհրդի հավանությանը:
Այնուհետեւ անդրադարձ է կատարվել տրանսպորտի եւ էներգետիկայի պետական տեսչությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության եւ ստուգաթերթիկների նախագծերին: Տրանսպորտի պետական տեսչության մասով ներկայացված նախագիծն արժանացել է խորհրդի հավանությանը, սակայն էներգետիկայի պետական տեսչության մասով վարչապետը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել նախագծի որոշ մանրամասներ եւ լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:
Խորհրդի հավանությանն արժանացած հիշյալ նախագծերը կներկայացվեն Կառավարության հաստատմանը:
Խորհուրդը հավանություն է տվել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի եւ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից միջազգային համաձայնագրերով որոշակի պարտավորությունների ստանձնման նախագծին:





























