NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է իտալացի լրագրող Ֆլավիա Ամաբիլեի հոդվածը, որը տպագրվել է իտալական La Stampa պարբերականում:

«Արմեն Մազլումյանը դադար տվեց եւ չարագույժ լռությունը տարածվեց շուրջբոլորը. Հալեպում Բարոն փողոցը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում,  միշտ աշխույժ է եղել, որտեղ օր ու գիշեր շատ մարդ է եղել: Այսօր այդ փողոցը բացարձակապես անվրդով է, բացառությամբ շրջակայքում տեղի ունեցող մասնավոր բախումների եւ մոտակայքում գտնվող կառավարությանը հավատարիմ ուժերի շտաբ-բնակարանից լսվող աղմուկի, որոնք եկել են թաղամասը պաշտպանելու համար:

«Բարոն» հյուրանոցը գտնվում է փողոցի միջին հատվածում: Այն հիմնել է Արմեն Մազլումյանը՝ ներկա սեփականատիրոջ պապը: Հենց հյուրանոցն էլ իր անունը տվել է փողոցին: «Բարոն» հյուրանոցի պատմությունը արտացոլում է Սիրիայի պատմությունը եւ յուրաքանչյուր մարդ նայում է հյուրանոցի ապագային՝ հասկանալու համար երկրի ապագան: Այն մշակույթի եւ իշխանության վայր է եղել: Թ. Է. Լոուրենսը երբեք չէր քնի այլ վայրում, երբ վերադառնում էր հնագիտական պեղումներին նվիրված ճանապարհորդություններից, իսկ իրականում նրա այցելությունները կապված էին Մերձավոր Արեւելքում հետախույզի եւ զինվորական խորհրդականի իր դերի հետ:

Նրա այցելությունները հիշեցնող հուշանվերները գտնվում են «Բարոն» հյուրանոցի դահլիճում: Հիմա այդ դահլիճը փակ է, պատուհանները կոտրվել են մեկ շաբաթ առաջ՝ փողոցում նետված նռնակի պայթյունից:

Արդեն երկու տարի է անցել այն ժամանակից, երբ ինչ-որ մեկն այցելում էր հյուրանոց, որպեսզի տեսնի արաբական ապստամբությունը ղեկավարել ցանկացող անգլիացու ձեռագիրը:

Հյուրանոցի անկյունում դրված բազկաթոռին նստած Ագաթա Քրիստին 1930-ական թվականներին գրել է իր «Սպանություն Արեւելյան ճեպընթացում»-ը: Վերջին տարիներին մարդիկ աշխարհի տարբեր ծագերից գալիս էին այստեղ, որպեսզի զգան այդ սենյակի հատուկ մթնոլորտը:

Նախորդ դարի ճանապարհորդների ու հնագետների շրջանում ամենահայտնի հյուրանոցն այսօր փակ է, իսկ պատուհանները՝ կոտրված: «Ոչ ոք երբեք չի փորձել հարձակվել մեզ վրա: Կառավարությանը հավատարիմ ուժերը պաշտպանում են փողոցը»,-ասում է Արմեն Մազլումյանը: Բայց ո՞վ այն կպաշտպանի պայթյուններից: Ով հնարավորություն ուներ, արդեն մի քանի ամիս առաջ փախել է, երբ սահմանները բաց էին, իսկ փողոցները՝ անվտանգ: Արմենը մնաց, հյուրանոցն ամբողջությամբ կախված է նրանից: Նրա հայրը՝ Կոկոն, ով «Բարոնը» վերածել է Մերձավոր Արեւելքի ամենահրաշալի հյուրանոցներից մեկը, արդեն մահացել է: Արմենի 92-ամյա մայրը՝ Սալլին, ով 1945 թվականին փախել է Լոնդոնում պայթող ռումբերից, ազատ ու անվտանգ վայր գտնելու ճանապարհին հայտնվել է Հալեպում, որտեղ հույս ուներ նոր կյանք սկսել, չկասկածելով, որ կրկին մղձավանջի ականատես է լինելու, որից փախել էր 60 տարի առաջ:

Հեշտ չէ այս օրերին ապրել այս տխուր քաղաքում, որը ժամանակին Մետաքսի ճանապարհի ամենագլխավոր առեւտրային կենտրոններից մեկն էր: Սալլին արդեն երկար ժամանակ դուրս չի գալիս: Արմենը լուրջ հիվանդություններ ունի, իսկ դեղերը սպառվելու վրա են: Նա նույնպես դուրս չի գալիս, քանի որ նա այլեւս չի կարող պայթյունների ժամանակ վազել դեպի անվտանգ վայր: Մի տղա օգնում է նրան սնունդ հայթայթելու հարցում՝ դեռեւս բաց մի քանի խանութներից: Արմենը դժվարությամբ է բարձրանում երկրորդ հարկ, որտեղ գտնվում են հյուրանոցի ամենաշքեղ համարները՝ զարդարված 20-րդ դարի սկզբին իր պապի կողմից ձեռքբերած ձեռագործ գորգերով:

Սրանք այն սենյակներն են, որտեղ մնացել են Շառլ դե Գոլը եւ Ռոքֆելլերը եւ այն համարները, որտեղ Ցեղասպանության ժամանակ փրկվել են հազարավոր հայեր: Այստեղ են պահվել կարեւոր փաստաթղթեր, որոնց օգնությամբ հնարավոր է Հայոց ցեղասպանության պատկերի վերականգնումը: