«ՏաԹեւեր» ճոպանուղու երկու խցիկներից բոլոր ուղեւորներն արդեն տարհանված են: Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների` կայծաակի արդյունքում «ՏաԹեւեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: Ինչպես NEWS.am-ին հայտնում են «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունից, «ՏաԹեւեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ  պայմանների դեպքում  ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղեւորների անվտանգությունը: Այնուհետեւ ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, եւ շարունակվում է խցիկների ընթացքը:

Այսօր դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղեւորներին տարհանելու աշխատանքները կազմակերպված կերպով իրականացրել են «ՏաԹեւեր»-ի բոլոր աշխատակիցները եւ ԱԻՆ փրկարարները: ԱԻՆ աշխատակիցների եւ ՏաԹեւեր»-ի` Շվեյցարիայում վերապատրաստված մասնագետների պրոֆեսիոնալիզմը նպաստել են տարհանումն արագ եւ գրագետ իրականացնելուն: Օպերատիվ կարգով բոլոր ուղեւորներին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, տեղում են եղել ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները:

«ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունը հայտնում է, որ  ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե' տեղական, թե' արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից: «Doppelmayr-Garaventa» ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց:

Ըստ տնօրինության` միջադեպը ցույց է տվել, որ «ՏաԹեւեր» ճոպանուղու անվտանգության համակարգերը եւ աշխտակիցների պատրաստվածությունը լիովին համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափնիշներին:

«ՏաԹեւեր» ճոպանուղու ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փրկարարների արագ արձագանքի եւ օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատնքի համար, ինչպես նաեւ ոստիկանության ու շտապ օգնության աշխատակիցներին: