Հոկտեմբերի 28-ին, երեկոյան «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում արեւմտահայերենով ներկայացվեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսը` Ալբերտ Մկրտչյանի բեմադրությամբ: Ներկայացումը դիտելու համար հրավիրվել էին սիրիահայ մեր հայրենակիցները:

Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով ճակատագրի նոր փորձություն ապրող մեր հայրենակիցներն այսօր ամենից առաջ Հայրենիքի, հայաստանցիների ուշադրության, հոգատարության կարիքն ունեն, եւ «Հացթուխի կինը», ներկայացմանը մասնակցելու հրավերն, իրապես, համեստ ներդրում է նրանց հայաստանյան միջավայրում ինտեգրելու  գործում:

Հրավիրյալները հուզմունքով ու հիացմունքով դիտեցին գեղարվեստական յուրօրինակ լուծումներով հագեցած, հուզական այս ներկայացումը, կինոյի եւ թատրոնի մեծ վարպետ, մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հիրավի հանճարեղ կատարման տեսագրություններով, որը հանդիսատեսին հայ մեծ դերասանի կենդանի ներկայության գերագույն բավականություն պարգեւեց:

Ներկայացման ավարտին հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով իր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնեց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանական խմբին ու գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին: