Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր` հոկտեմբերի 29-ին, ընդունել է Օստեոպորոզի միջազգային ասոցիացիայի հանձնաժողովի անդամ Ջոն Բիլեզիկյանին եւ նույն ասոցիացիայի անդամ Քերոլայն Աբովյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորները վաղը կմասնակցեն Հայաստանի բժիշկների համար ամեն տարի կազմակերպվող օստեոպորոզին նվիրված 6-րդ գիտաժողովին։
Ջոն Բիլեզիկյանը նախարարին տեղեկացրել է, որ այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ծանոթանալու, թե ինչպես է ընթանում անցյալ տարի իր կողմից բերված դենսիտոմետր սարքի գործարկումը: Միաժամանակ նա նշել է, որ այդ ուղղությամբ Արցախում մասնագետական օժանդակության անհրաժեշտություն կա։
Դերենիկ Դումանյանը պատրաստակամություն է հայտնել ապահովել Երեւանի մասնագետների աջակցությունը Լեռնային Ղարաբաղում ախտորոշիչ սարքի գործարկմանը։ Անդրադառնալով օստեոպորոզի խնդիրներին` պրոֆեսորը նշել է, որ թյուր է այն կարծիքը, թե դա մեծահասակների հիվանդություն է։ Այն կարող է ի հայտ գալ նաեւ երիտասարդ տարիքում` որպես մի շարք հիվանդությունների հետեւանք։
Բոստոնի համալսարանում մանկական սնուցման ծրագրերի ղեկավար Քերոլայն Աբովյանը ներկայացրել է, որ օստեոպորոզը հնարավոր է կանխել վաղ հասակում` ճիշտ սնուցման, սննդի մեջ հավելումների եւ ֆիզիկական ակտիվության միջոցով։ Նա պատրաստակամություն է հայտնել այս ուղղությամբ շարունակել համագործակցությունը հայ գործընկերների հետ։ Ջոն Բիլեզիկյանը հավելել է, որ Հայաստանում դեռեւս ռիսկի մեծ գործոն է ծխելը։ Մինչդեռ ԱՄՆ-ում ծխողների թվի կրճատումը հանգեցրել է մի շարք հիվանդությունների կանխարգելման։
Դերենիկ Դումանյանը փաստել է, որ նշված խնդիրներն առաջնահերթություն են նաեւ նախարարության համար եւ ներկայացրեց իրականացվող որոշ ծրագրեր։




























