Հունվարի 22-ի գիշերը նոր երկրաշարժ է գրանցվել Հայիթիում: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ, հաղորդում է BBC-ն: Երկրաշարժը զգացվել է երկրի մայրաքաղաք Պոտ-օ-Պրենսում:
Los Angeles Times-ի տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է մայրաքաղաքից 35 մղոն հեռավորության վրա: Նոր ցնցումը, ինչպես հաղորդվում է, աննշան վնաս է հասցրել արդեն ավերված քաղաքին, նոր զոհեր եւ տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար սարսափելի այդ երկրաշարժը տեղի էր ունեցել Հայիթիում՝ հունվարի 12-ին: 7 բալ ուժգնությամբ առաջին ցնցմանը հաջորդել էին եւս երկու ցնցում: Եւս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ 6,1 բալ ուժգնությամբ: Հզոր ստորգետնյա ցնցումների պատճառով, որ հողին են հավասարեցրել հանրապետության մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը, վերջին տվյալներով զոհվել է 200 հազար մարդ, 250 հազարը տուժել են, իսկ 1,5 միլիոն մարդ մնացել են անտուն: Երկրի իշխանությունների կանխատեսմամբ՝ զոհերի թիվը կարող է հասնել կես միլիոնի:




























