Հոկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարություն էին այցելել Հայ ոսկերիչների ասոցիացիայի ներկայացուցիչները, ովքեր հոկտեմբերի 29-ից 30-ը Հայաստան են ժամանել աշխարհի շուրջ 70 երկրից` մասնակցելու Yerevan Show 2012 ոսկերչական ցուցահանդեսին, ինչպես նաեւ՝ «Հայաստանի ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները» խորագրով կոնֆերանսին:

Ընդունելության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ողջունեց հյուրերին՝ կարեւորելով յուրաքանչյուրի վաստակն ու դերը աշխարհում հայկական մշակույթն ու ավանդույթները տարածելու եւ ճանաչելի դարձնելու գործում:

Հանդիպմանը ներկա էր եւ հյուրերին ողջունեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարբեր երկրներից ժամանած հյուրերին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության վերջին տարվա ձեռքբերումները, նախարարության գործունեության հիմնական ուղղությունները:

Ելույթ ունեցավ Գուսան Հայկազունի ղեկավարած «Հայկազունք» անսամբլը: Այնուհետեւ հյուրերը դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով նկարահանված «Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերման եւ կայացման գործում» ֆիլմը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին՝ մասնավորապես Հայաստանի ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ, հայկական մշակույթի տարածման ու հանրահռչակման, երիտասարդության շրջանում Հայաստանի ճանաչողության եւ այլ հարցերի շուրջ: ՀՀ սփյուռքի նախարարը ներկաներին հորդորեց ճանաչել հայկական իրականությունը, մասնակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը, ներդրումներ կատարել հայրենիքում: