Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, գլխավորությամբ այսօր` հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում ցուցմունք է տվել նույն օրը ծեծի ենթարկված եւ գործով որպես տուժող անցնող 32-ամյա զինվորական բժիշկ Արտակ Բայադյանը: Նա ասել է, որ իրեն եւ ընկերներին ծեծել են ոչ թե 5-6, այլ 15-20 հոգով: Ըստ Բայադյանի, իրենք գնացել են «Հարսնաքար» ռեստորանային համալիր` նշելու ընկերներից մեկի տարեդարձը, իսկ մինչ այնտեղ գնալը տոնում էին Արզնիի ձորում: Արտակ Բայադյանը պատմել է, որ ռեստորանում Վահե Ավետյանից պահանջել են գնալ եւ փոխել տաբատը, եւ նա հենց այդպես էլ վարվել է: Վկան պատմել է, որ այնուհետեւ երբ նրան մոտեցել է մատուցողը, Վահեն հարցրել է` «կարո՞ղ է գլխարկս էլ հանեմ», իսկ վերջինս պատասխանել է, թե «կարող ա՞ կայֆավատ ես լինում» ու Վահեին հրավիրել դուրս: Մատուցողը հարվածել է Վահեին, ապա նրանց դուրս են հրավիրել, որտեղ 15-20 հոգով հարձակվել եւ դաժան ծեծի են ենթարկել բժիշկներին: Բայադյանի խոսքով, ինքը հարված է ստացել եւ ուշագնաց եղել, իսկ երբ արթանցել է, նկատել է, որ Վահե Ավետյանը ծալապատիկ ընկած է, խռռոցով հազիվ է շնչում եւ անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ այսօրվա նիստը հետաձգվել է, եւ հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 6-ին, որի ժամանակ կշարունակվի Բայադյանի հարցաքննությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից  մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):