«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր` հոկտեմբերի 31-ին, կայացել է ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստ: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:նշեց, որ քննարկել են աշխատանքային հարցեր:
Մեր հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասել է, թե «սա զուտ ընտրություններ չեն, երկիրn աչքիդ առաջ կործանվում է, կգա ճիշտ ժամանակը, մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպենք» եւ այլն, Տիգրան Ուրիխանյանն ասաց որ «դրանք ասեկոսեներ են»:
Նրա խոսքով` նիստին նախագահական ընտրությունների հետ կապված որեւէ հարց չի քննարկվել եւ որեւէ որոշում չի ընդունվել: Իսկ թե երբ կքննարկվի նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության հարցը, ապա մամուլի խոսնակը պատասխանեց` «տրամաբանական ժամկետի ընթացքում»:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստին ասել է, թե «սա զուտ ընտրություններ չեն, երկիրը աչքիդ առաջ կործանվում է»: Նա նշել է, թե ինքը, իրոք, Սերժ Սարգսյանի հետ ունեցել է հանդիպումներ, բայց նրանք լրիվ այլ բովանդակության են, եւ կապ չունեն այն ամենի հետ, ինչը գրվում է մամուլում:
Խորհրդակցության մասնակիցներից մեկի հարցին, թե ժամանակը չէ՞ արդյոք հանդիպել նաեւ առաջին նախագահի հետ, Ծառուկյանը պատասխանել է․ «Մի շտապեք, կգա ճիշտ ժամանակը, մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպենք: Ես ոչ մի խնդիր չունեմ»:




























