Հայաստանի խորհրդարանի մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ համազեկուցողներ Կոլոմբիեի եւ Պրեսկոտի զեկույցը չի մտնելու ԵԽԽՎ-ի հունվարյան լիագումար նիստի օրակարգ։
Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այն քննարկվելու է միայն Մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում:
«Այն չէր էլ մտնելու: Այդպիսի խնդիր չի եղել: Մոնիտորինգի հանձնաժողովը պիտի լսեր Փարիզում նիստի ժամանակ: Բայց համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն բացակա էին տարբեր պատճառներով, եւ հունվարյան նստաշրջանի օրերին տեղի է ունենալու մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, եւ համազեկուցողները եւ ներկայացնելու են իրենց զեկույցը»,- մանրամասնեց պատգամավորը:
Ըստ Զոհրաբյանի՝ ԵԽԽՎ նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի վերաբերյալ որեւէ հարց ընդգրկվելու խնդիր չկա: «Մոնիտորինգի հանձնաժողովը ինչպես եւ նախատեսված էր, լսելու է նրանց զեկույցը: Քանի որ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ են նաեւ Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը, նրանք կներկայացնեն իրենց տեսակետները»,- հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք հարցի քննարկումը Մոնիտորինգի հանձնաժողովից տեղափոխվի լիագումար նիստ, պատգամավորը պատասխանեց. «Ես տեսականորեն որեւէ բան չեն բացառում, բայց որ Հայաստանի հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ, գործնականում բացառում եմ»:




























