Էջմիածնի քաղաքապետարանում այսօր` նոյեմբերի 1-ին, տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետի եւ ավագանու պաշտոնամուտի հանդիսավոր արարողություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Մինչ բուն միջոցառման սկիզբը, դրա մասնակիցներ ծաղիկներ են դրել Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին: Հանդիսավոր նիստի ժամանակ ելույթներ են ունեցել Էջմիածնի հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներ, որոնք ընդգծել են, թե որքան հաջող է քաղաքապետարանը համագործակցում այս կամ այն ոլորտի հետ:

Վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է ավագանու ամենատարեց անդամ Հրաչյա Ավետիսյանից ստանալով քաղաքի խորհրդանշական բանալին: Դա բանալու տեսքով գրիչ է, որով քաղաքապետը պետք է ստորագրի Էջմիածնի համար բարեբեր որոշումները: