Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը «պաշտոնյային անհարիր պահվածքի» պատճառով Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նրա աշխատանքից ազատվելը կապված է «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրձելյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին մայիսի 12-ին Երեւանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում դաժան ծեծի են ենթարկել: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:
Ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրդզելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրդզելյանին, ով արդեն գտնվել է գետնին:
Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունիի բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում:
«Քրեական գործով Մեսրոպ Մանրիկյանի որդուն` Ալբերտ Մանրիկյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` Ռուբեն Գրդզելյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար, իսկ լրագրող Ռուբեն Գրդզելյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Մեսրոպ Մանրիկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար»,- հայտնել էին ՀՔԾ-ից:
ՀՔԾ-ի փոխանցմամբ` երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Որոշում էր կայացվել նաեւ Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, վճիռ էր կայացվել, ըստ որի` Ռուբեն Գրդզելյանը անմեղ է ճանաչվել, իսկ Ալբերտ Մանրիկյանը` տուգանվել 50 հազար դրամի չափով:





























