Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» (Open Doors) ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան (Martina Malacrida) եւ փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը (Joel Chapron), «Ոսկե ծիրան»-ի հրավերով, հոկտեմբերի 29-ից 31-ը գտնվում էին Երեւանում: Հյուրերը հայաստանցի կինոռեժիսորներին եւ կինոարտադրողներին ներկայացրեցին «Բաց դռներ» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել առաջնային փուլում գտնվող նախագծերի զարգացմանը եւ գտնել համատեղ արտադրության գործընկերներ:
«Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում է տարբեր տարածաշրջանների վրա եւ այս տարի ծրագիրը նվիրված է լինելու Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին:
Մ. Մալակրիդան եւ Ժ. Շապրոնը անձամբ հանդիպեցին հայ կինեմատոգրաֆիստներին եւ յուրաքանչյուրի հետ առանձին քննարկեցին նրանց նախագծերը, որոնք նախնական ընտրության համար պետք է ներկայացվեն մինչեւ 2013թ-ի մարտի 3-ը: «Բաց դռներ» ծրագիր կիրականացվի օգոստոսի 10-13-ը` Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս ծրագիրը բաղկացած կլինի երկու հիմնական մասերից: Երեք երկրից նախապես ընտրված ծրագրերի ներկայացացիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում նախագծերի հեղինակները կհանդիպեն եվրոպացի պրոդյուսերների հետ, իսկ ժյուրիի կողմից ուշադրության արժանացած նախագծերը կպարգեւատրվեն 40.000, 7.000 եւ 6.000 եվրո մրցանակներով:
Ծրագրի երկրոդ բաղադրիչ մասը մասնակից երկրների, անկախության շրջանում նկարահանած, լավագույն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է: Հետահայաց ցուցադրության ծրագիրը քննարկելու համար հյուրերը հանդիպեցին Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գեւորգյանին:
Մ. Մալակրիդան եւ Ժ. Շապրոնը «Բաց դռներ» ծրագիրը ներկայացրեցին նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:




























