Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վշտացած է այսօր` նոյեմբերի 2-ին Արդարադատության նախարարության շենքի առջեւ տեղի ունեցածից:

«Անկեղծ ասեմ, վշտացած եմ, որ մարդկանց ուղեղը կարող է նման բաներ գրել, իսկ որոշ լրատվամիջոցներ էլ կարող են ամբողջությամբ տպագրել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախարարը` մեկնաբանելով կատարվածը:

Նշենք, որ այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել Արդարադատության նախարարության շենքի մոտ: Բողոքի ակցիայի շարժառիթը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի օրերս հնչեցրած արտահայտությունն էր այն մասին, որ «աչք ու բերան կարելը բանտարկյալների համար սովորական բան է»:

«Ես իջա, որ իրենց հետ հանդիպեմ, իրենք էին պահանջում: Ինձ տեսնելով` պարզապես փախան: Ես չեմ հասկանում դա: Բացի մի քանի լրագրողներից մնացածը փախել էին: Եթե հանդիպում էին ուզում, թող մնային եւ ես իրենց կպարզաբանեի, թե ինչ կոնտեքստում եմ ասել, ինչ է դա նշանակում, երբ ես կոնկրետ մարդու նկատի ունեմ: Երբ ամբողջ աշխարհում կա ինքնավնասման երեւույթը: Բոլոր երկրներում էլ կան մարդիկ, եւ նրանց մեկուսացնում են, թղթե հագուստ տալիս: Եւ երբ փորձում էի բացատրել, նրանք թողեցին եւ հեռացան: Ես սա չեմ կարող լուրջ ընդունել»,- արձանագրեց Հրայր Թովմասյանը:

Նախարարը նշեց, որ իր խոսքը վերաբերում է այն բանտարկյալներին, որոնք սովորություն ունեն բերանները կարել: «Ես իմ խոսքում նշել եմ, որ կան նման մարդիկ, որոնց վրա արդեն կան ասեղների տեղերը: Դա չի նշանակում, որ ամեն անգամ կարելուց արյուն է գալիս, նորից անցք է լինում, իրանք պարզապես այդ անցքերով թել են անցկացնում: Ես դա եմ նկատի ունեցել, ուրիշ ոչինչ: Իսկ այն, որ նման երեւույթները չեն կարող չմտահոգել նախարարին, ես դրա մասին ասել եմ»,- նշեց Հրայր Թովմասյանը: