Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին եւ Մարտին Չալֆին, ովքեր մեր երկրում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ եւ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ինչպես նաեւ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ու Մատենադարանի աջակցությամբ։

Նախարարը, ողջունելով աշխարհահռչակ հյուրերին, բարձր է գնահատել նրանց այցը Հայաստան` նշելով, որ  հայ երիտասարդ գիտնականների եւ ուսանողների համար Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը եզակի հնարավորություն է հաղորդակցվելու առաջադեմ գիտական մտքին: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է գիտության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, գիտության ֆինանսավորման եւ բյուջետային հատկացումների հարցերին` ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար գերակա է գիտության ոլորտի զարգացումը, եւ արդեն հաջորդ տարի նախատեսվում է գիտությանը տրամադրվող ծախսերն ավելացնել 1 մլրդ 20 մլն դրամով: Նախարարն անդրադարձել է նաեւ «ուղեղների արտահոսքի» խնդրին` նշելով, որ վերոնշյալ հարցն այսօր արդիական է ողջ աշխարհում: Արմեն Աշոտյանը զրուցակիցներին հայտնել է, որ հեռացած մասնագետների մի որոշ մասը` որպես կայացած գիտնականներ, այսօր վերադառնում է հայրենիք` իր ստացած փորձով եւ կապերով: "Պետությունը փորձում է չխզել իր կապն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող տաղանդավոր հայ երիտասարդների հետ. կարեւորն այն է, որ  նրանք երբեք չմոռանան իրենց հայրենիքը եւ իրենց փորձն ու գիտելիքները ներդնեն հայկական գիտության զարգացման գործում",-նշել է նախարարը` ընդգծելով, որ գիտության համակարգը բարդ ոլորտ է, որտեղ պահանջվում է համակարգված մոտեցում. ֆինանսական մեխանիզմներից զատ, ըստ նախարարի, առկա է նաեւ կաղապարների, մտածելակերպի, կառուցվածքային փոփոխության խնդիր:

Նոբելյան մրցանակակիրները, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել են, որ, ծանոթանալով Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին եւ հանդիպումներ ունենալով երիտասարդ գիտնականների հետ, բարձր են գնահատում հայ գիտական ներուժը եւ տպավորված են Հայաստանի բարձրագույն կրթության հաստատությունների մատուցած կրթական ծառայություններով: Նրանք կարեւորել են երիտասարդների` գիտությամբ զբաղվելու

ցանկությունը եւ հույս հայտնել, որ իրենց հանրային դասախոսություններն օգտակար եւ հետաքրքիր են եղել հայ երիտասարդների համար:

Հանդիպմանը ներկա «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարար Արմեն Աշոտյանին` Նոբելյան մրցանակակիրներին Հայաստան հրավիրելու իրենց ֆեյսբուքյան առաջարկին արձագանքելու եւ այցին օժանդակելու համար: Երիտասարդները հույս են հայտնել, որ մեծանուն գիտնականների հետ հանդիպումները շարունակական կլինեն եւ անդրադարձել Հայաստանում համապատասխան լաբորատորիաների առկայությանը` նշելով, որ այն լավ հնարավորություն է հայ երիտասարդների համար` իրենց գիտական փորձերը կատարել հայրենիքում, այլ ոչ թե արտերկրում:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ գիտության զարգացման, գիտահետազոտական համալսարանների, գիտնականների աշխատավարձերի, դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաեւ երիտասարդների մասնագիտական ընտրության եւ գիտության ոլորտում մասնավոր հատվածի ներդրումների խնդիրներին:

Հանդիպման ավարտին Հայաստանի երիտասարդ գիտնականներին եւ գիտակրթական ոլորտի խնդիրներին աջակցելու համար Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին (Մեծ Բրիտանիա) եւ Մարտին Չալֆին (ԱՄՆ) նախարար Արմեն Աշոտյանը պարգեւատրելել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով»: