Եթե թեկնածու առաջադրելու մասին հապշտապ հայտարարում են ամենաթույլերը, ապա 2008թ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է 2007թ հոկտեմբերի 26-ին, ուրեմն նա էլ թույլ թեկնածու էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը` անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի արած հայտարարությանը, «տեսեք, թե ով է հապշտապ հայտարարել թեկնածու առաջադրելու մասին. Ամենաթույլերը: Էպոսագետը, հոգեւորականության կիսագրագետ ներկայացուցիչը եւ եւս մեկը, որին դուք չգիտեք: 3-4 թեկնածուներ, իրենց թուլությանը համապատասխան»:
«Ես դրան լուրջ չեմ վերաբերում, չեմ էլ ուզում մեկնաբանել, այդ անլրջությունը փաստվել է հենց մամուլում: Եղել է հրապարակում, որով ասել են, որ եթե այդպես է, ապա 2007թ հոկտեմբերի 26-ին իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուրեմն նա էլ թույլ թկենածու է: Շատ լավ վերլուծություն էր, ընդամենը մեջբերում եմ մամուլի հրապարակումը, որն ադեկվատ արձագանք էր այդ անլուրջ մոտեցման»,- ասաց նա:
Հարցին, թե չե՞ք վիրավորվում այս հայտարարությունից, քանի որ կարծես այս հայտարարությամբ Արամ Մանուկյանը նկատի ուներ նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, նա պատասխանեց, թե «ինչպես կարող է վիրավորվել անլուրջ ինչ-որ հայտարարություններից»:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին:




























