Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն բարեգործական ակցիա էին կազմակերպել «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնում։

«Մենք կարող ենք միասին» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում «Փրկություն» ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր արատ ունեցող 16-35 տարեկան 56 շահառուների համար կազմակերպվել էր համերգային միջոցառում, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան ոչ պետական բուհերի ուսանողները։ Մտավոր արատ ունեցող երեխաներին ու երիտասարդներին ուսանողները նվիրեցին քաղցրավենիք, գրենական պիտույքներ, հագուստ, զարգացնող խաղեր։

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշում է, որ այս նախաձեռնության նպատակը կենտրոնի հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների ինտեգրումն է հասարակությանը՝ ուսանողների հետ անմիջական շփման եւ հաղորդակցման միջոցով։ «Ծրագրի շրջանակներում այսօր մենք կնշենք նաեւ ցերեկային խնամքի կենտրոնի՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծնված երեխաների ծննդյան տարեդարձերը։ Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանց օրը դարձնենք ուրախ ու տոնական»,- ասել է Արմինե Բարսեղյանը։

Առաջիկայում մտավոր արատ ունեցող 56 երեխաների ու երիտասարդների համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամը դասընթացներ կկազմակերպի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։