Երեկ ուշ երեկոյան Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնում Երևան-Ստամբուլ երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից  մնացել էին 17-ը։ Այսօր նրանցից  8-ը ևս դուրս կգրվի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Հիվանդներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Նրա մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածք, գլխի և ականջի բաց վերքեր, ինչպես նաև կոտրվածք։ Հիվանդը դուրս է բերվել շոկային վիճակից։ Նա Երևանից է և ցանկություն է հայտնել հետագա բուժումը շարունակել մայրաքաղաքում։ Մասնագետները գտնում են, որ հիվանդի ներկա վիճակը թույլ է տալիս նրան տեղափոխել։ Ամենայն հավանականությամբ այսօր նա մասնագետի ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով կտեղափոխվի Երևան։

Տուժածներից  հինգի վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է  միջին ծանրության՝ լավացման դինամիկայով։ Մյուսների վիճակն ավելի թեթև է։ 

Ինչպես տեղեկացվել է, Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցում բուժօգնություն ստացած 10-ամյա տղայի վիճակը բավարար է։ Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում գտնվող երկու տուժածները նույնպես դուրս են գրվել։