«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում բոլորին չվիրավորել հասարակական հատվածի ներկայացուցիչներին, քամահրական վերաբերմունք չունենալ ու չանվանել նրանց «գրանտակերներ»:
Հայտարարությունում ասվում է.
«Այսօր պիտի խոսեմ մի երեւույթի մասին, որն արմատացած է մեզանում եւ որի մասին մենք գրեթե չենք արտահայտվում: Խոսքս հասարակական հատվածի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների կամ շարժումների մասին վերաբերմունքի մասին է, որը հաճախ արտահայտվում է քամահրանքի, վիրավորելու, «գրանտակերներ» պիտակավորման կամ հայրենասիրական դիրքերից փնովման տեսքով: Ավելին ասեմ, առանձին շրջանակներում կա կարծրացած հավատամք նման կազմավորումների հանդեպ, որ չակերտավոր մշակույթ է դարձել:
Սա շատ ցավալի իրողություն է, որն իսկապես կա: Եւ թեեւ, միեւնույն է՝ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու ու վաղ թե ուշ այս երեւույթը վերանալու է, մեր իսկ շահերից է բխում ժամ առաջ նման չակերտավոր համոզմունքներից ու անհարիր խոսքից հրաժարվելը:
Հավատացնում եմ ձեզ, որ այսօր մեր հասարակական կազմակերպություններում կենտրոնացած է մարդկային ու պրոֆեսիոնալ այնպիսի ներուժ, որն ունակ է շատ հեռուն գնալ:
Հավատացնում եմ ձեզ, որ նրանց աշխատանքին քամահրանքով վերաբերելը որեւէ մեկին օգուտ չի բերի. նրանցից շատերն իսկապես մրցունակ են եւ ամեն հաջորդ օր նրանց ձայնն ավելի լսելի է լինելու:
Հավատացնում եմ ձեզ՝ պետականության ամրապնդման համար միայն գերատեսչական կաբինետներում կոստյում-փողկապով չեն աշխատում: Երբեմն վարձած բնակարանի մանրահատակին նստած ջինսով երիտասարդները շատ ավելին կարող են անել:
Հավատացնում եմ ձեզ, որ հազարավոր միջազգային համաժողովներում ու բնապահպանությունից մինչեւ գենդերային հավասարություն թեմաներով հանդիպումներում հենց այդ նույն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են, որ առանց հապաղելու արժանի հարված են հասցնում թուրք-ադրբեջանական կազմակերպված սադրանքներին: Ես ինքս բազում փառահեղ դեպքերի ականատեսն եմ եղել: Դիվանագետներն ամեն տեղ չեն հասնի, նեղ մասնագիտական հավաքներում ճյուղային պետական պաշտոնյաները կարող է լավ պատրաստված չլինեն, հասարակական ակտիվիստները շատ են, առանց բարդույթների են ու կռիվ են տալիս մինչեւ վերջ:
Հայրենասիրական դիրքերից հարվածողներին ուզում եմ հավատացնել, որ եթե վաղը սահմանին հարկ եղավ. չնայած ոչինչ էլ չեմ ուզում հավատացնել, հայրենասիրությունը գույք չէ, որ սեփականաշնորհեն ու դեռ իրար հետ էլ համեմատեն: Տա՛ Աստված, որ սխալված լինելում համոզվելու կարիքը ուղղակի չլինի:
Ամփոփեմ խոսքս խնդրանքով, մի՛ վիրավորեք հասարակական հատվածի ակտիվիստներին, մի՛ անվանեք «գրանտակեր» ու մի՛ ստացեք «հարկակեր» պատասխանը: Հարգե՛ք նրանց աշխատանքը եւ, հավատում եմ, ի պատասխան կստանաք բազմապատիկ հարգանք»:




























