Տավուշի մարզի Բերդ քաղաքում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է համաներում եւ նա ազատ է արձակվել:
Նշենք, որ զինվորական դատախազ Ներսես Միսակյանն առաջարկել էր Սերգեյ Կարապետյանին դատապարտել 14, իսկ Հրանտ Դալլաքյանին ՝ 4 տարվա ազատազրկման:
Զինվորական դատախազությունն, ամենայն հավանականությամբ, կբողոքարկի դատավճիռը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում Իջեւանի զինվորական զորամասից Իջեւանի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներ, 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը`գանգուղեղային ծանր տրավմա ախտորոշմամբ, եւ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը` ձախ սրունքի ստորին երրորդ փակ կոտրվածք ախտորոշմամբ: Նրանք վնասվածքը ստացել էին զորամասում գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի կողմից, նրա աշխատասենյակում: Հիվանդանոց տեղափոխված երիտասարդները զորամաս էին գնացել` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով` իրենց ծառայակից ընկերոջ բարեկամին տեսնելու համար:
Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց տեսել է գնդի հրամանատարը եւ հայհոյանքներով ու սպառնալիքներով հրամայել է, որ նրանք լքեն զորամասի անցակետի տարածքը: Երիտասարդներից մեկը պատասխանել է հայհոյանքին, եւ այդ ժամանակ Կարապետյանը հանձնարարել է մի քանի սպաների, որ երիտասարդներին բռնեն եւ բերեն զորամասի վարչական շենքի իր աշխատասենյակ, որտեղ էլ դաժան ծեծի են ենթարկել երիտասարդներին:
Գետահովիտի բնակիչները հայտել էին, որ գնդապետը նաեւ առգրավել է «Նիվան», կրակոցներ է արձակել իր աշխատասենյակում: Նախնական լուրերի համաձայն, վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մի քանի երիտասարդ բնակիչներ գնացել են զորամաս` իրենց ծանոթներից մեկին տեսնելու համար: Վիճաբանության ժամանակ երիտասարդներից մեկը՝ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը ցած է նետվել պատուհանից եւ վնասվածքներ ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ 10 օր անց գիտակցության չգալով մահացել է:





























