Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում 40 միլիոն եվրոյի վարկային պայմանագիրը: Դա հնարավորություն է ընձեռելու ֆինանսավորել եւս 30-ից 40 փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) նախագիծ: Ծրագրի 3-րդ փուլի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նախատեսվում է տրամադրել նաեւ դրամաշնորհային միջոցներ ծրագրի տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար, ինչը կնպաստի Հայաստանում միջազգային ստանդարտներին մոտ նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավելացմանը:

Ստորագրման արարողությանը ներկա էին Ռայներ Մորելը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, Անդրեաս Գիսը` Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կովկասյան տարածաշրջանի ղեկավարը, Դավիդ Բետոլազան` KfW բանկի տարածաշրջանային տնօրենը, Վեռոնիկա Պլիատսը` KfW բանկի էներգետիկայի ծրագրերի ղեկավարը:

Ողջունելով ներկաներին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ KFW բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին: Բանկի հետ Հայաստանի համագործակցությունը կառուցողական բնույթ է կրում: ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ծրագրի նոր փուլը կընդլայնի երկկողմ համագործակցությունը եւ կծառայի հետագա ներդրումների իրականացմանը: