Թուրքիայի հայ համայնքում անհանգստացած են համապատրիարքի ընտրություններում առկա անհարթություններից, որն իր արտացոլումն է գտնում նաեւ թուրքական մամուլում՝ բացասական երանգով։ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով 2009 թվականի մարտի 2-ին որոշում է կայացվել ընտրելու աթոռակից պատրիարք, սակայն առաջնային պատրիարք կշարունակի մնալ Մութաֆյանը։
Այս կապակցությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը 2009-ի նոյեմբերի 6-ին հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ եւ հայտնել այդ մտադրության մասին, իսկ արդեն դեկտեմբերի սկզբին արք. Աթեշյանը պատրիարքարանի ներկայացուցիչների հետ այցելեց Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին եւ հանձնեց համապատրիարքի ընտրություններ անցկացնելու դիմումը։ Այնուհետ կազմավորվեց համապատրիարքի ընտրության Նախաձեռնող խումբ։ Անհարթությունն այն է, որ Նախաձեռնող խումբը իր հերթին առանձին դիմել է Ստամբուլի նահանգապետարան, բայց ոչ թե համապատրիարք՝ այլ պատրիարք ընտրելու թույլտվության համար։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհուրդը հայտնել է իր անհանգստությունը, որ Նախաձեռնող խումբը դիմել է ոչ թե համապատրիարք, այլ պատրիարք ընտրելու համար եւ նշել, որ նման զարգացումները հակասում են հայկական 1700 ամյա եկեղեցու ավանդույթներին։ Հոգեւոր խորհրդի հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ընտրությունները առողջ անցկացնելու համար՝ անհրաժեշտ է, որ Հոգեւոր խորհուրդը եւ Նախաձեռնող խումբը համագործակցեն իրար հետ։




























