Թուրքիան շատ երկար չի նահանջի արձանագրությունների վավերացման գործում, եթե անգամ տեսնի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար չի ստանում իր ուզած փաստաթղթերը, տարբերակ կգտնի վավերացնելու դրանք, քանի որ այս փաստաթղթով նա լուծում է պատմական հարցեր։ Այս մասին հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարուղար Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի արձանագրությունների վերաբերյալ կայացրած վճռի կապակցությամբ Թուրքիայի հայտարարությունները ժպիտից բացի ոչինչ չեն առաջացնում։

Իսկ Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանի կարծիքով, այդպիսի հայտարարություններով պաշտոնական Անկարան փորձում է որեւէ առիթ գտնել Հայաստանի մեղքով տապալելու արձանագրությունների վավերացումը, որպեսզի ցույց տա միջազգային հանրությանը, թե որպես գործընթացի տապալող կողմ հանդես է եկել Հայաստանը։

Սահակյանը ասաց, որ եթե սառեցվի արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա կողմերը նորից կվերադառան այն կետին, որտեղից սկսել են։ Պատգամավորը բացառեց Թուրքիայի կողմից ագրեսիայի կիրառումը։

Նշենք, որ անցած ուրբաթ՝ հունվարի 22-ին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել էր, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը «հակասում է արձանագրությունների տառին եւ ոգուն»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում թուրք պաշտոնյայի նախագահությանը՝ Հովհաննես Սահակյանը ասաց. "Ես չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ում թուրք պաշտոնյայի նախագահությունը դրական կամ բացասական առումով էական ազդեցություն ունենա մեր պատվիրակության գործունեության վրա։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին բացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում նոր նախագահ է ընտրվել Թուրքիայի «Եվրոպական դեմոկրատներ» պատվիրակության նախագահ Մեվլյութ Չավուշօղլին։ Նա ԵԽԽՎ-ում կնախագահի երկու տարի։