Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում ազգությամբ թուրք Մեվլութ Չավուշօղլուի ընտրությունը կոնկրետ Հայաստանի համար որեւէ քաղաքական հետեւանք ունենալ չի կարող: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ըստ փորձագետի՝ «պարզապես Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ ԵԽԽՎ-ում ոչ թե Չավուշօղլուի ազգության, այլ այն պարզ պատճառով, որ չի կատարում իր պարտավորությունները»: «Չավուշօղլուն թուրք լինի թե չլինի, այդ հարցերը բարձրանալու են այնպես, ինչպես բարձրանալու են, ինչպես պիտի լինեին»,- նշեց փորձագետը՝ միաժամանակ հավելելով. «Չնայած մյուս կողմից էլ, Հայաստանի իշխանությունների համար շատ հարմար առիթ կստեղծվի ամեն ինչը բարդել թուրք Չավուշօղլուի համապատասխան սուբյեկտիվության վրա»:




























