Հունվարի 27-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր հայկական պատվիրակությունը. Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանդիպման սկզբում շնորհավորելով պրն. Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայկական պատվիրակության ներկայացուցիչները խնդրեցին պարզաբանումներ ներկայացնել նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տրված պրն. Չավուշօղլուի հարցազրույցի կապակցությամբ:
ԵԽԽՎ նախագահը հայկական պատվիրակության անդամներին պարզաբանել է, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը մեկնաբանել է իր խոսքերը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է իր ասածի իմաստը: Ըստ պարոն Չավուշօղլուի, ինքը չի օգտագործել հարցազրույցում օգտագործված բառակապակցությունները, այլ խոսել է տարածաշրջանում առկա խնդիրների մասին, այդ թվում Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, որոնք պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, որ ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է և որ ինքը համարում է, որ ԵԽԽՎ-ն կարող է աջակից դերակատարում ունենալ բոլոր հակամարտությունների լուծման ուղղությամբ, հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են մարդասիրական խնդիրներին:




























