Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մեվլութ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը, պարոն Աբրահամյանը կոչ է արել նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ եւ հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերին:
Հեռախոսազրույցի ընթացքում Մ. Չավուշօղլուն ՀՀ ԱԺ նախագահին հայտնել է, որ հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել: Մ.Չավուշօղլուն հավաստիացրել է, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության եւ ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետեւանք են:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաեւ տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ, նաեւ քննարկել ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելության հնարավորությունը:




























