«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով 2008 թվականի մարտի 2-ից գտնվում է ընդհատակում, հայտարարություն է տարածել եւ նշել, որ մտադիր է դուրս գալ ընդհատակից եւ հանձնվել իրավապահներին:
"Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու, եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել: Նման քայլի շուրջ նախկինում նույնպես մտածել եմ, բայց որոշումը կայացրել եմ վերջին իրադարձություններից հետո: Նախկինում որոշման կայացմանը խանգարող ամենահզոր փաստարկը եղել է այն, որ ընդհատակից իմ դուրս գալը եւ բանտում հայտնվելը կարող է հարված դառնալ Համաժողովրդական շարժման համար: Ներկա իրավիճակում այդ վտանգը հաղթահարված եմ համարում, որովհետեւ համաժողովրդական պայքարի արդյունքում իմ քաղբանտարկյալ ընկերներից շատերը ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի Շարժմանը, Հայ ազգային կոնգրեսին: «Եւ ուրեմն` հպարտությամբ արձանագրում եմ, որ եկել է քաղբանտարկյալ դառնալու իմ հերթը նույնպես» — նշել է Փաշինյանն ու հավելել, թե այս պահին նպատակահարմար չի համարում բարձրաձայնել ընդհատակից դուրս գալու կոնկրետ օրվա մասին. «Կարող եմ ասել միայն, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Չեմ որոշել նաեւ, թե „իրավապահ“ ո՞ր կառույցի, ո՞ր ստորաբաժանում եմ այցելելու: Ներկայումս գտնվում եմ այդ հարցի շուրջ որոշում կայացնելու փուլում»: Տարածած հայտարարության վերջում Նիկոլ Փաշինյանը դիմել է Համաժողովրդական պայքարի, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին եւ կողմնակիցներին. «գլուխներդ բարձր, դուխներդ տեղը` պայքարելու ենք մինչեւ վերջ, ու հաղթելու ենք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ»:



























