Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի փոփոխությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումն է: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը:

«Ինչպես գիտեք, կոալիցիոն շրջանակում գործող համաձայնագրի և պայմանավորվածության համաձայն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը „Բարգաված Հայաստան“ կուսակցության պատասխանատվության ոլորտում է: Արմեն Գրիգորյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նախարարի փոփոխությունը „Բարգավաճ Հայաստան“ կուսակցության որոշումն է»,- ասել է Ֆարմանյանը, հավելելով, որ Սահմանադրության համաձայն, կառավարության անդամին աշխատանքի նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: «Նախագահ Սարգսյանն արդեն ստացել է վարչապետի առաջարկությունը: Առաջիկայում կլինի նախագահի համապատասխան հրամանագիրը, ինչի մասին և մեր մամլո ծառայությունը կտեղեկացնի լրատվության միջոցներին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը NEWS.am-ին հայտնել էր, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աշխատանքի պետական տեսչության պետ Արթուր Պետրոսյանը: Իսկ ահա նախարարի հրաժարականի պատճառների մասին այդպես էլ ոչ մի տեղեկություն չի հաղորդվում, թեեւ լուրեր են շրջում, որ դա կապված է Ա. Գրիգորյանի կողմից ֆինանսական չարաշահումների հետ: