«Ռուբեն Հայրապետյանը մեր ընկերն է, մեր հարաբերությունները շատ լավ են, որ դուք չխառնվեք՝ ավելի լավ կլինեն»,- փետրվարի 1-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանը ներողություն է խնդրել իրենից: Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ չի այցելել Բուրսա՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու, քանի որ գիտեր, որ մերոնք պարտվելու են: Դրանից հետո ՀՖՖ նախագահ, գործարար պատգամավոր Ռ. Հայրապետյանն ասուլիսում ասել էր, որ այդ հայտարարությունը բարոյական չէ ու ավելի լավ կլիներ, եթե Գ. Ծառուկյանը գար իր «մուսկուլներով, բանով» աջակցեր մեր թիմին: Դրանից հետո, ԲՀԿ-ն արձագանքել էր, ասելով, որ բարոյականությունից Ռ. Հայրապետյանը չէ, որ պետք է խոսի: Իսկ Ռ. Հայրապետյանը ներողություն էր խնդրել իր կուսակից հանրապետականներից, որ նման միջադեպ է եղել: