Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական  վարչության ընդլայնված նիստ, օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ:

ՌԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի ավարտին ընդունվեց որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում եւ Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության  ղեկավար մարմինների անունից`

Ռամկավար ազատական կուսակցությունը` նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ եւ հավասարակշռված քաղաքական գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար բարելավում է իր տնտեսական եւ քաղաքական կացությունը, որոշում է պաշտպանել նրա թեկնածությունը եւ սատարել նրան ընտրությունների ընթացքում: Միաժամանակ կուսակցությունը ակնկալում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա նախագահական ժամանակահատվածում եւս կանի ամեն հնարավորը ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական մարտահրավերները արժանավայել դիմագրավելու, արցախյան խնդիրը արդարացի կարգավորելու եւ Հայ դատին նպաստավոր լուծումներ գտնելու ուղղությամբ: