Թուրքիայի իշխանությունները համաձայնել են հանել ՆԱՏՕ-ի հետ Իսրայելի ոչ ռազմական համագործակցության վետոն: Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իսրայելի դիվանագիտական աղբյուրին:
Նման որոշում է կայացվել թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռներ տեղակայելու ՆԱՏՕ-ի համաձայնությունից հետո:
Ըստ «Ռուսաստանի ձայնի»՝ Jerusalem Post թերթը ենթադրում է, որ ՆԱՏՕ-ն Patriot հրթիռները որպես լծակ էր օգտագործում, որպեսզի Անկարային ստիպի մեղմել Իսրայելի նկատմամբ դիրքորոշումը:
Lenta.ru-ն, վկայակոչելով AFP-ին, հայտնում է, որ փոխարենը ՆԱՏՕ-ի երկրների կազմից Իսրայելի մի քանի կողմնակիցներ համաձայնել են թույլատրել Թուրքիայի հետ արաբական մի շարք երկրների համագործակցությունը: Միաժամանակ Թուրքիան մտադիր չէ թույլ տալ Իսրայելին համատեղ ռազմական գործողություններ անցկացնել ՆԱՏՕ-ի հետ: Անկարան նաեւ իսրայելցիներին իր տարածքում ցանկացած գործունեություն արգելելու իրավունք է վերապահում:
Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, 2010թ. վետո էր դրել ՆԱՏՕ-ի հետ Իսրայելի համագործակցության վրա` ի պատասխան պաղեստինցիների համար հումանիտար օգնություն տանող նավի վրա իսրայելցիների հարձակման: «Ազատության նավատորմի» վրա հարձակման հետեւանքով զոհվել էին թուրք ինը ակտիվիստներ:





























