Լույս է տեսել ռուսերեն «Ազգեր եւ մշակույթներ» շարքի 19-րդ գիրքը, որը կոչվում է «Հայերը»: 1000 օրինակով տպագրված գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում:

ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ գրքում ներկայացված է հայկական բնաշխարհը, հայոց պատմությունը հնագույն ժամանակներից սկսած մինչեւ մեր օրերը, ներկայացված է հայերի` որպես էթնիկ հանրության պատմաազգագրական նկարագիրը: Կազմված է 11 գլխից, որոնք ունեն ենթավերնագրեր: Ամեն մի ենթավերնագրում ներկայացված է հայոց մշակույթի բոլոր շերտերը, տեսակները, կենցաղը, ավանդույթները: «Գիրքը հանրագիտարանային բնույթ ունի»,-ասել է նա:

Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը նշել է, որ գիրքը պետք է թարգմանվի տարբեր լեզուներով, որպեսզի ներկայացվի ամբողջ աշխարհին: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գյուլանյանի խոսքով, այս գրքով «մեր անձնագիրը աշխարհին ներկայացնում ենք ռուսերեն լեզվով»:

Գրքի տպագրությանն աջակցած «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամը ղեկավար Լեւոն Սարգսյանն իր հերթին կարեւոր է համարել, որ գիրքը բաժանվելու է ԱՊՀ բոլոր գրադարաններին: