«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը այսօր` դեկտեմբերի 25-ին հրավիրված քաղխորհրդի նիստում քննարկել է, թե ինչ հնարավոր զարգացումներ  կարող են լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով, նիստում երկու մոտեցում են քննարկել: Նախ, որ փորձելու են հնարավորինս ՀԱԿ-ի կառավարման համակարգը ռեֆորմացիայի ենթարկել եւ ուժեղացնել: Իսկ, որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանելու հարցին կանդրադառնան հունվարի 11-ից 20-ը ընկած հատվածում հրավիրվելիք հերթական նիստին:«Մենք մտածում ենք, որ փետրվարի 18-ից հետո զարգացումները կարող են բերել մի ֆորսմաժորային իրավիճակի եւ այդ պարագայում պետք է լինի համակարգված մի ուժ, որը կարողանա իրավիճակը տնօրինել եւ խնդիրը լուծել: Այս պահին կարծում ենք, որ թերեւս կոնգրեսը այդ հնարավորությունը ունի: Կյանքը շարունակվում է եւ երկրում, ոչ մի իրավիճակ չի փոխվում ` մարդկանց կենսակերպի, իշխանության որակի: Այս ամենի հանրագումարը կարող է բերել պայթունավտանգ իրավիճակի»,- մանրամասնեց Պետրոս Մակեյանը: